Անցնել բովանդակությանը
Անիմացիոն ֆիլմ

Անիմացիա առանց կանոնների

2026
ReA փառատոն 2026 · Հատուկ ցուցադրություններ և միջոցառումներ

Ցուցադրություններ դեռ նախատեսված չեն

Անիմացիա առանց կանոնների. ազատության տարածք։ Հայկական անիմացիա, 1970–1990-ականներ։ Ինը ֆիլմ «Հայֆիլմ» կինոստուդիայից, ընդհանուր տևողությունը՝ 84 րոպե։ Ցուցադրվում է անգլերեն ենթագրերով։ Հայկական անիմացիան ուշ խորհրդային կինոյի ամենաթերագնահատված, բայց միևնույն ժամանակ ամենաարմատական երևույթներից է։ Խորհրդային անիմացիան գործում էր գաղափարախոսական ավելի մեղմ վերահսկողության ներքո, քան խաղարկային կամ վավերագրական կինոն, սակայն հայ մուլտիպլիկատորներն ավելի հեռուն գնացին՝ այդ հարաբերական ազատությունը դարձնելով ստեղծագործական անհնազանդության գործիք։ «Հայֆիլմում» Ռոբերտ Սահակյանցի հայտնվելով ձևավորվեց մի ինքնավար գոտի՝ պետություն պետության մեջ, որտեղ հեղինակներն աշխատում էին ընդունված կանոններից դուրս՝ հավասարակշռելով աբսուրդի և պոեզիայի, մանկականի և ընդգծված մեծահասակայինի միջև՝ վիզուալ խուլիգանությունից մինչև նուրբ մշակութային հեգնանք։ Ծրագիրը, որն առաջին անգամ ներկայացվել է Անսիի փառատոնում, արձանագրում է այն պահը, երբ անիմացիան Հայաստանում դարձավ բացարձակ ազատության և ստեղծագործական ռիսկի տարածք։ Մինչ այդ տարիների հայկական խաղարկային կինոյում կին ռեժիսորներ գրեթե չկային, անիմացիայում ի հայտ եկավ կին հեղինակների մի հզոր խումբ՝ Գայանե Մարտիրոսյան, Լյուդմիլա Սահակյանց, Էլլա Ավագյան, Աիդա Սահակյան, Նարա Մուրադյան։ Նրանց ֆիլմերն ընդլայնեցին ձևի սահմանները և փոխեցին հայկական անիմացիայի հնչերանգը։ «Հսկան, որ երազում էր ջութակ նվագել», ռեժ. Էլլա Ավագյան (1986, 9 րոպե) Խեղճ հսկան միշտ երազել է ջութակ նվագել։ Սակայն, ցավոք, ոչ բոլորին է տրված սովորել նվագել այդ գործիքը։ «Արձագանք», ռեժ. Լյուդմիլա Սահակյանց (1986, 7 րոպե) Միամիտ գյուղացին կովին տանում է շուկա։ Նա արձագանքը շփոթում է գնորդի հետ և կովը «վաճառում» նրան։ Ագահ հարուստը յուրացնում է կովը, բայց գյուղացին որպես սփոփանք ծառի փչակում թաքցված ոսկե դրամներ է գտնում։ Հովհաննես Թումանյանի «Խելոքն ու հիմարը» հեքիաթի մոտիվներով։ «Բարի վերջ», ռեժ. Գայանե Մարտիրոսյան (1978, 9 րոպե) Կկուները շատ են անհանգստացնում աղվեսին։ Մի օր նա հեռուստացույցով տեսնում է Հովհաննես Թումանյանի «Չարի վերջը» հեքիաթը և որոշում դաս տալ կկուներին. երաժիշտների խումբ է հավաքում և համերգ կազմակերպում։ Հովհաննես Թումանյանի «Չարի վերջը» հեքիաթի մոտիվներով։ «Պարվանա», ռեժ. Վալենտին Պոդպոմոգով (1970, 15 րոպե) Գեղեցկուհի արքայադուստր Պարվանան իր բոլոր փեսացուներին ուղարկում է անշեջ հուրը բերելու։ Երիտասարդներից ոչ մեկը չի վերադառնում, և արքայադուստրն ամբողջ կյանքում սգում է նրանց մահը։ Ըստ ավանդության՝ Պարվանա լիճը գոյացել է նրա արցունքներից։ Հովհաննես Թումանյանի համանուն պոեմի մոտիվներով։ «Մկների ժողովը», ռեժ. Լյուդմիլա Սահակյանց (1978, 10 րոպե) Մկները հավաքվում են և որոշում կատվի վզից զանգ կախել, որպեսզի իմանան նրա մոտենալու մասին։ Բայց որոշում կայացնելը մի բան է, իսկ իրականացնելը՝ բոլորովին այլ։ Խնկո Ապոր համանուն առակի մոտիվներով։ «Կացին», ռեժ. Ռոբերտ Սահակյանց (1994, 9 րոպե) Մի երկրի բնակիչներ չգիտեն՝ ինչ է կացինը։ Երբ նրանց ձեռքն է ընկնում այն, գործի դնելու փոխարեն սկսում են դրանով խեղել իրենք իրենց։ «Միջանցք», ռեժ. Ստեփան Գալստյան (1990, 10 րոպե) Կոմունալ բնակարանի միջանցքը, որի պատերին, ինչպես ջրի կաթիլում, արտացոլված է մեծ բազմազգ երկրի պատմությունը, ցույց է տալիս համատեղ կյանքի բոլոր առավելություններն ու թերությունները։ «Կոճակը», ռեժ. Ռոբերտ Սահակյանց (1989, 7 րոպե) Ամեն անգամ, երբ բարձրաստիճան պաշտոնյան սեղմում է կոճակը, ինչ-որ տեղ ինչ-որ բան է պայթում։ «Անհաջող Պանոսը», ռեժ. Ստեփան Գալստյան (1980, 8 րոպե) Ինչ էլ որ ձեռնարկում է անհաջող Պանոսը, ավարտվում է ձախողմամբ։