Կազմակերպիչների ուղեցույցներ

Ինչո՞ւ անծանոթները չեն գնում ձեր միջոցառման տոմսերը (և ինչպես դա փոխել)

Ցույց տվեք, թե ում համար է երեկոն, որպեսզի մարդիկ իրենց տեսնեն ձեր հյուրերի մեջ։

5 ր ընթերցում

Վիդեոն սիրուն է ստացվել․ մոնտաժը մաքուր է, գույներն էլ՝ տեղը տեղին։ Լայքեր կան, պահումներ էլ, բայց տոմս գնում են միայն ձեզ ճանաչողները։ Խնդիրը սովորաբար որակը չէ, այլ այն, որ պրոմոն անանուն է։ Անծանոթը նայում է ու չի հասկանում իրեն հետաքրքրող միակ հարցի պատասխանը․ «Սա ի՞նձ համար է»։ Լուծումն այս է․ ձեր նյութերից պիտի պարզ լինի, թե ինչ մարդկանց, ինչ համայնքի երեկո է սա․ այդ պարզությունը կարող է գալ նախադասությունից, վիդեոյից, նկարից, ձայնից՝ ձևն ազատ է, պարզությունը՝ պարտադիր։ Ամեն նյութում թողեք այդ միջավայրի իրական, ճանաչելի նշանները՝ ձեր դեմքը, ձեր պատմությունը, նախորդ անգամվա կադրերը, եկող մարդկանց։ Սա վերաբերում է փոքր վճարովի միջոցառումներին, որոնց տոմսերը պիտի գնեն անծանոթները։ Ներքևում կտեսնեք, թե ինչ նշաններ են աշխատում։

Անծանոթը գնում է միայն այն երեկոն, որտեղ իրեն պատկերացնում է

Փոքր միջոցառման տոմս առնելիս մարդը վճարում է մի երեկոյի համար, որը դեռ չի տեսել։ Մինչև փող տալը նա փորձում է պատկերացնել՝ ովքե՞ր են լինելու այնտեղ ու ինքը կսազի՞ այդ մարդկանց մեջ։ Այդ պատկերացումը կազմելու համար անծանոթն ունի ընդամենը մեկ բան՝ ձեր հայտարարությունը։

Ձեզ ճանաչողներին սա պետք չէ․ նրանք գիտեն՝ ով եք, ինչ երեկոներ եք արել, ովքեր են գալիս։ Իսկ անծանոթը գիտի միայն այն, ինչ տեսնում է էկրանին։ Եթե էկրանին մարդ չկա, նա չի հասկանա իր տեղը որտեղ է, ինչքան էլ գաղափարը սիրուն լինի։ Մարդը սրտիկ կդնի, պոստը կպահի, բայց տոմս չի առնի։

Խնամված, բայց անանուն պրոմոն գնորդ չի բերում

Ամենատարածված սխալը խնամքով սարքած կոնցեպտ-վիդեոն է․ անիմացիա կամ տրամադրության կադրեր, որոնք ոչինչ չեն ասում ո՛չ կազմակերպչի, ո՛չ էլ եկող հյուրերի մասին։ Նույն անանունությունն ունեն նաև ածականներով լցրած տեքստերը․ «անմոռանալի երեկո», «հրաշալի մթնոլորտ», «սպասում ենք բոլորին»։ «Բոլորի համար» ասելը նշանակում է «կոնկրետ ոչ մեկի համար»։ Իսկ երբ էջին ոչ անուն կա, ոչ դեմք, ոչ պատմություն, դիտողը նույնիսկ չի հասկանում՝ ում է վստահում իր փողը։

Կա նաև հակառակ ծայրահեղությունը․ մեկ պոստում փորձում են տեղավորել և՛ տոմսի հրավերը, և՛ կորպորատիվ փաթեթը, և՛ հովանավորության առաջարկը։ Երբ նյութը միանգամից երեք տարբեր լսարանի հետ է խոսում, ոչ մեկը չի հասկանում՝ ում համար է այս երեկոն։ Երկրորդ լսարանին ուղղված տեքստը կտրեք ու տեղափոխեք իր առանձին ալիքը։

Պիտակը քիչ է. պետք են ապացույցներ

«Տեխնոլորտի մարդկանց համար» նախադասությունը ցույց է տալիս, թե ում եք ուզում տեսնել ձեր երեկոյին։ Բայց դա դեռ ոչինչ չի ապացուցում։ Մարդը ձերոնց կճանաչի իրական ապացույցներից․ իրական դեմքեր, նախորդ անգամվա կադրեր, դիջեյների ու հաղորդավարների անուններ, հյուրերի ոճն ու ընդհանուր տրամադրությունը։ Այս մանրուքներին նայելիս է անծանոթը մտածում․ «Սրանք իմ մարդիկ են»։

Նույն երեկոն՝ առանց նշանների և նշաններով

Օրինակը հորինված է, բայց տարբերությունը հենց առաջին տողից էլ երևում է։

Առաջ. «Անմոռանալի, ջերմ ու մոգական երեկո բոլոր երաժշտասերների համար։ Վայելեք լավագույն երաժշտությունը, հրաշալի մթնոլորտը և անկրկնելի ակնթարթները։ Սպասում ենք բոլորին։»

Հետո. «[Կազմակերպիչը/Թիմը] արդեն [քանի] տարի հավաքում է 70-ականների հազվագյուտ վինիլներ ու երևանյան բակերում ֆանկ-երեկոներ անցկացնում։ Այս ուրբաթ ձեզ համար սեթեր են նվագելու [DJ անուն 1]-ն ու [DJ անուն 2]-ը։ Նախորդ անգամվա մեր իրական կադրերը կարող եք տեսնել այստեղ՝ [հղում]։ Իսկ եթե մենակ եք գալու, մի մտահոգվեք․ մեր [դիմավորողը] ձեզ կհանդիպի մուտքի մոտ ու կօգնի տեղավորվել ընդհանուր սեղանի շուրջ։»

Երկրորդ տարբերակում ամեն նախադասություն մի նշան է․ ով է անում, ինչ փորձ ունի, ով է նվագում, ինչ տեսք ուներ նախորդ անգամը, ու որ մենակ եկողի մասին էլ են մտածել։ Կազմակերպչի փորձը վստահություն է տալիս, դիջեյների անունները ցույց են տալիս երաժշտության ուղղությունը, իսկ իրական կադրերը՝ մարդկանց ու մթնոլորտը։

Անծանոթը որսում է կոնկրետ նշաններ

Անծանոթը ձեր նյութին նայելիս որսում է իրական նշաններ․ ով է կազմակերպում, ով է նվագում կամ վարում, ինչ է եղել նախորդ անգամ, ինչ տեսք ու ձայն ուներ, ով է գալիս, ինչ ոճ ու տրամադրություն ունեն այդ մարդիկ և ինչ տեղ է սա։

Բոլոր նշանները մեկ նյութում տեղավորել պետք չէ։ Կարևորը՝ նայեք ձեր նյութերին, տեսեք, թե որոնց պատասխանն է երևում, ու ամենադատարկ տեղից էլ սկսեք լրացնել։

Ստուգելու ամենապարզ ձևը․ ցույց տվեք նյութը մեկին, ով ձեզ չի ճանաչում, ու երեք վայրկյան անց հարցրեք՝ ի՞նչ մարդիկ են գալու։ Եթե կարողանում է նկարագրել նրանց, ուրեմն նշանները հստակ են։ Եթե պատասխանում է «բոլորը» կամ «չգիտեմ», ուրեմն նյութը դեռ անանուն է։

Ամեն անցկացրած երեկո հաջորդի պրոմոն է

Ամեն միջոցառում նկարեք այնպես, ոնց որ հաջորդի պրոմոն նկարեիք․ իրական մարդիկ, իրական ձայն, ոչ թե միայն բեմի սիրուն պլաններ։ Մի քանի միջոցառումից հետո ձեր ձեռքի տակ կհավաքվի այն, ինչ ոչ մի դիզայներ չի կարող սարքել․ ձեր միջավայրի ապացույցը։

Ում սա պետք չէ, և երկու կանոն, որ չխախտեք

Երկու դեպքում այս նշանների կարիքը չկա։ Եթե կազմակերպիչը կամ արտիստն արդեն բոլորին հայտնի անուն է, հենց անունն էլ ամեն ինչ ասում է․ սկսեք անունից։ Իսկ եթե միջոցառումը զուտ գործնական ընտրություն է, օրինակ՝ կինոսեանս, մարդուն պարզապես փաստեր են պետք․ ֆիլմը, ժամը, դահլիճը։

Ու երկու կանոն։ Առաջին․ նշանները պիտի ճշմարիտ լինեն։ Եթե կադրը ձեր միջոցառումից չէ, այն ձեր պրոմոյում տեղ չունի․ ոչ ուրիշի կադրեր, ոչ բեմադրված «հյուրեր»։ Երկրորդ․ ցույց տված միջավայրը պիտի ներս հրավիրի, ոչ թե տպավորություն թողնի, թե սա փակ ընկերախումբ է։ Եթե բոլոր կադրերում նույն, իրար ճանաչող մարդիկ են, ավելացրեք պահեր, որտեղ երևում է, որ նորեկն էլ իր տեղը գտնում է։

Հաջորդ միջոցառման համար

  1. Ձեր նյութերից պարզ դարձրեք, թե ում եք հավաքում այս երեկոյին՝ ձեզ հարմար ցանկացած ձևով։
  2. Ազատ ստուգեք ձեր բոլոր նյութերը նշաններով ու տեսեք, թե որքանով են դրանք ճանաչելի դարձնում երեկոն։
  3. Ամենաթույլ նյութը փոխարինեք կամ ուժեղացրեք իրական բաներով․ դուք՝ տեսախցիկի առաջ 20–30 վայրկյան, նախորդ անգամվա կադրերը՝ իրական ձայնով, կամ անունով դիջեյ կամ հաղորդավար, որ հրավիրում է իր լսարանին։
  4. Երկրորդ լսարանին ուղղված տեքստը (կորպորատիվ փաթեթ, հովանավորություն) հանեք առանձին ալիք։