Գովազդի բյուջե միջոցառումների համար․ ինչպես հասկանալ, թե որքան տոմս է վաճառել ծախսված յուրաքանչյուր դրամը
Եթե գումար եք ծախսում միջոցառման գովազդի վրա, կարևոր է իմանալ՝ որ տեղադրումն է տոմս վաճառում, իսկ որը՝ միայն ուշադրություն գրավում։ Այս ուղեցույցում ներկայացնում ենք, թե ինչպես առանձին հղումներով ու Meta Pixel-ով չափել ամեն աղբյուրի իրական վաճառքը։
Շաբաթ օրը համերգ ունեք։ Instagram-ում գովազդ եք գնել, երկու ինֆլուենսերի story պատվիրել, պաստառներ տպել, Telegram-ում էլ վճարովի գրառում տեղադրել։ Դահլիճը լցվում է, բայց կիրակի առավոտյան մի հարց է մնում․ 100 000 դրամ ծախսեցիք, իսկ քանի՞ վաճառք բերեց այդ գումարը։
Կազմակերպիչների մեծ մասը այս հարցի պատասխանը չգիտի։ Կանոնը պարզ է․ գովազդ սկսելուց առաջ համոզվեք, որ հետո կարողանալու եք տեսնել՝ որ աղբյուրից քանի վաճառք է եկել։
Եթե չգիտեք՝ որ գովազդն է վաճառք բերել, հաջորդ բյուջեն էլ կռահելով եք բաշխելու
Ամեն գովազդ վճարովի փորձ է։ Եթե չեք հետևում, թե որ աղբյուրից քանի վաճառք է եկել, այդ փորձի արդյունքը դեն եք նետում ու հաջորդ միջոցառումը նորից կույր կետից սկսում։
Մեկ ամիս անց հիշելու եք միայն, թե որ story-ն «լավ աշխատեց», բայց չեք իմանա պատվերների իրական թիվն ու հասույթը։ Արդյունքում բյուջեն ու ինֆլուենսերի ընտրությունը նորից մնալու են լայքերի ու ներքին զգացողության վրա։
Ուշադրությունը և վաճառքը տարբեր բաներ են
Լայքերը, դիտումներն ու հասանելիությունը ցույց են տալիս միայն ուշադրությունը, իսկ բուն արդյունքը չափում են վճարված պատվերները։ Ավելին՝ շատ լայքեր հավաքած հայտարարությունը կարող է ավելի քիչ տոմս վաճառել, քան «թույլ» թվացողը։
Մարդը կարող է սրտիկ դնել, պահել գրառումն ու այդպես էլ չգնել։ Մեկ ուրիշը կարող է story-ն տեսնել, չարձագանքել, բայց հինգ րոպեից վճարել երկու տոմսի համար։ Եթե նայում եք միայն արձագանքներին, երկրորդին պարզապես չեք տեսնում։
Դահլիճը կարող է լցվել, իսկ դուք այդպես էլ չիմանաք՝ որ տեղադրումն է գնորդ բերել, իսկ որը՝ միայն աղմուկ։
Ամեն տեղադրում ստանում է իր առանձին հղումը
Տոմսերի էջի հղումը մի տարածեք ամենուր նույնությամբ։ Bio-ն, story-ն, ամեն ինֆլուենսեր, պաստառների ամեն տպաքանակ ու Telegram-ի գրառումը պետք է ունենան իրենց առանձին հղումը։
Երբ գնորդը վճարում է, հաշվետվությունը ցույց է տալիս, թե որ հղումով է նա եկել։ Սա կոչվում է վերագրում․ ամեն վաճառված տոմս կապվում է այն տեղադրման հետ, որը բերել է գնորդին։
Առանց նշումի անցումները հայտնվում են «ուղիղ / անհայտ» տողում, իսկ Meta-ի հաշվետվությունն աշխատում է Meta Pixel-ը միացնելուց հետո (մանրամասն՝ ստորև)։
Պաստառի QR կոդն էլ նույն հղումն է՝ նկարի տեսքով։ Առանձին QR-ը ցույց է տալիս, թե որ վայրից կամ տպաքանակից են եկել գնումները։
Ինֆլուենսերին վճարում եք, բայց չգիտեք՝ ինչի համար
Կազմակերպիչները հաճախ վճարում են ինֆլուենսերներին ու չեն իմանում՝ այդ գումարն ինչ վաճառք բերեց։ Story-ն անցնում է, հոնորարը վճարվում է, իսկ արդյունքը չափված չէ։
Ամեն ինֆլուենսերին տվեք իր առանձին հղումը։ Հաշվետվության մեջ կտեսնեք յուրաքանչյուրի բերած տոմսերն ու հասույթը։ Այդ ժամանակ արդեն գիտեք, թե ում արժե նորից հրավիրել և ինչ հոնորար է արդար նրա բերած վաճառքի դիմաց։ Նկատի ունեցեք, որ ինֆլուենսերի ազդեցությունը կարող է լինել նաև անուղղակի (մանրամասն՝ ստորև)։
Meta-ում կարելի է տեսնել գնումները, ոչ միայն սեղմումները
Instagram-ում կամ Facebook-ում գովազդ տալիս Meta Pixel-ը կարելի է միացնել տոմսերի վաճառքին, որպեսզի ամեն ավարտված գնում փոխանցվի Meta։ Ads Manager-ում ամեն արշավի ու հայտարարության կողքին կտեսնեք, թե քանի գնում է այն բերել և ինչ արժեցավ մեկ գնումը։
Այսպես արշավը սկսում է օպտիմիզացվել գնումների, ոչ թե պարզապես էժան սեղմումների ուղղությամբ, որոնք հաճախ ոչինչ չեն վաճառում։
Meta-ում «մեկ գնման արժեքը» մեկ պատվերի արժեքն է, ոչ թե մեկ տոմսի, չէ՞ որ մեկ պատվերում կարող է մի քանի տոմս լինել։ Իսկ յուրաքանչյուր տոմսի վերաբերյալ թվերը կգտնեք տոմսերի հաշվետվությունում։
Մեկ պատվերի արժեքը որոշում է՝ գովազդը շահույթ է բերում, թե վնաս
Միայն հասույթին նայելը բավարար չէ։ Պետք է համեմատել մեկ պատվերի համար ծախսած գովազդային գումարը այն եկամտի հետ, որ այդ պատվերը թողնում է ձեզ մոտ։
Պայմանական օրինակ․ տոմսն արժե 10 000 դրամ, միջնորդավճարներից հետո մնում է 9 200, մեկ հյուրի լրացուցիչ ծախսը՝ 700 դրամ, իսկ միջին պատվերը՝ 1,6 տոմս։ Մարդիկ հաճախ գնում են երկու տոմս միանգամից, այդ պատճառով միջին պատվերը մեկ տոմսից ավելի է։ Այսինքն մեկ պատվերը ձեզ թողնում է մոտ 13 600 դրամ։
Եթե մեկ պատվերի գովազդային ծախսը 13 600 դրամից ցածր է, գովազդն աշխատում է շահույթով, իսկ բարձր լինելու դեպքում՝ վնասով․ թվերը ցուցադրական են։
Եթե գովազդի բերած մեկ պատվերն արժեցել է 6 000 դրամ, գովազդը շահույթ է բերում։ Եթե 15 000 դրամ, կորցնում եք փողը՝ նույնիսկ երբ ընդհանուր հասույթը մեծ է երևում։
Հղումը ցույց է տալիս ճանապարհը, ոչ թե պատճառը
Ոչ մի համակարգ չի տեսնում ամեն ազդեցություն։ Հղումը ցույց է տալիս այն ուղին, որով գնորդը եկավ, բայց չի ապացուցում, որ դա գնելու միակ պատճառն էր։ Փողոցի պաստառը կամ տեսած story-ն հաճախ մնում են հղումներից դուրս։
Այդ պատճառով «ուղիղ / անհայտ» գնումները բնական են․ ընկերոջ հաղորդագրությունը, սքրինշոթը կամ անունով որոնումը չեն վերագրվում գովազդին։ Ավելի լավ է մի մասի աղբյուրը չիմանալ, քան վաճառքը սխալ աղբյուրի վերագրել։
Meta-ի թվերն ու տոմսերի հաշվետվությունը ճշգրիտ չեն համընկնի․ երկու համակարգերը վաճառքները հաշվում են տարբեր կերպ ու տարբեր ժամանակահատվածներում։ Վաճառքի վերջնական ճշմարտությունը տոմսերի հաշվետվությունն է, իսկ Meta-ն՝ գովազդի տեսանկյունը։
Եթե դահլիճը հուսալիորեն լցվում է, աղբյուրների հաշվառումը ցույց է տալիս, թե որ ավելորդ ծախսն է կարելի կտրել։ Իսկ փոքր արշավների դեպքում երկու-երեք գնումից մեծ եզրակացություններ մի արեք․ դրանք իմաստ են ստանում մի քանի միջոցառումից հետո։
Ձեր հաջորդ միջոցառման համար
- Բացեք միջոցառման էջը առաջին գովազդից կամ story-ից առաջ։
- Ամեն տեղադրման համար վերցրեք առանձին հղում․ bio, story, ամեն ինֆլուենսեր, պաստառներ, Telegram։
- Միացրեք ձեր Meta Pixel-ը, եթե գովազդ եք տալիս Meta-ում։
- Միջոցառումից հետո համեմատեք պատվերները, տոմսերն ու ծախսերն ըստ աղբյուրի, և հաջորդ բյուջեն բաշխեք թվերի, ոչ թե լայքերի հիման վրա։